Մհեր Մանուկյան — Mher Manukyan: Singing with an Inner Voice

Advertisements

Կինը գովազդային ապրանք չէ

Կինը գովազդային ապրանք չէ

Related image

Գեղեցիկ Մարտիրոսյան

Հովիկ Մխիթարյան

Կնոջ թագավորությունը քնքշության, նրբության ու հանդուրժողականության թագավորություն  է:     Ժան Ժակ Ռուսսո

Գովազդները ճչում են ու հևասպառ լինում: Նրանք ամենուր են` եթերում ու պատերի վրա, օդում ու մարդկանց գիտակցության մեջ և չեն հոգնում բղավելուց` «Էստի համեցեք»: Իսկ գովազդվող առարկաները ամենատարբեր են` օճառ կամ ատամի մածուկ, հագուստ կամ լվացքի փոշի: Եվ կա մի «ապրանք», որ ինքն է գովազդում այդ բոլորը և ինքն էլ դառնում գովազդի ապրանք: Դա կինն է` ամենասովորական կինը, մայրը և պարզապես մարդը: Մենք արդեն չենք նկատում դա, որովհետև մեր աչքին սովորական է դարձել` տեսնել կնոջը ցանկացած ապրանքի հետ, իր ողջ գեղեցկությամբ ու հմայքով…կիսամերկ ու ցուցադրական: Շեշտադրվում են հատկապես այն որակները, որոնք ի ծնե սահմանված են սուրբ ու անձեռնամխելի` նրա քնքշությունն ու թովչությունը, արտաքին գեղեցկությունն ու հավերժական կողակցի համար սահմանված նրա սեքսուալությունը: Նա միշտ էրոտիկ է հանդես գալիս, նրա կիսամերկ մարմինը ամենահնարավոր և անհնար դիրքերով  է: Նա, ում նախաստեղծ հիմքը մայրությունն է և քնքշությունը, գթասրտությունը և համբերատարությունը, դառնում է ցանկասեր հայացքների և էժան բավականությունների թիրախ: Մոր և հավատարիմ կողակցի` հարգանքի ու ակնածանքի արժանի իր դերից նա վերածվում է նյութապաշտական հոգեբանության մարմնավորողի և կրողի:  Եվ ընդ որում նա միշտ երիտասարդ է` սնդուսափայլ ամսագրերի ու սերիալների էջերում: Մայրական անձնազոհություն ու նվիրվածություն արտահայտող աչքերի փոխարեն` աշխարհին նայելում է մեղկ ու վավաշոտ հայացքով:  Արդյո՞ք այստեղ չէ կորչում հարգանքն ու երկյուղածությունը տարեց, հոգնած կանանց հանդեպ. պերճախոս լռությունն ավելի քան խոսուն է: Կնոջ գրավչությունն ու հմայքը դարձել է հավելավճար այն ապրանքի համար, որը նա գովազդում է: Արվում է ամեն բան, որ նա բարձրացնի այդ ապրանքի գինը, պարտադրի գնորդին ավելի վստահորեն ձեռքը տանելու գրպանը: Մարդկանց դա միանգամայն բնականոն է  թվում, իսկ իրականում հարվածում է կնոջ արժանապատվությանը` վերածելով նրան արդյունաբերական հսկաների անկամ խամաճիկը: Գործի են դրված բոլոր հնարավոր միջոցները մայրության խորհրդանիշից  կնոջը գլորելու դեպի  սեքսի ու էրոտիզմի խորհրդանիշը:  Գործում է «օգտակարը հաճելիի հետ զուգակցելու» հանրահայտ սկզբունքի այլասերված տարբերակը: Ինչ կապ կարող է ունենալ կոշիկի գովազդը մերկ կնոջ հետ, կամ մեքենան գազով լիցքավորելը կրքից «նվաղած» կիսամերկ կնոջ հետ: Իսկ արդյունքում կորչում է հարգանքը կնոջ հանդեպ, որովհետև մարդու ենթագիտակցություն է ներմուծվում  այն միտքը, թե այս ապրանքը կարելի է մշտապես փոխել կամ «գոնե թարմացնել»: Եվ ամենուր շահարկելով երիտասարդական ուժն ու կիրքը` երկրորդ պլան է մղվում հասուն, կյանքի փորձով իմաստնացած կինը, ով կյանքի, ապրելու ճիշտ դասեր կարող է տալ: Ինչպես ասում են, այդ «ապրանքը» պահանջարկ չունի: Փոխարենը առաջարկվում է դավադիր` աչքով անող երիտասարդ կինը, ով աննկատ ջնջում է ամոթխածության, պարկեշտության ու առաքինության սահմանները: Ահա թե ինչու հասարակական մտածողություն են խցկվում «սեքս աստղ», «սեքս խորհրդանիշ» արտահայտությունները  և կասկածելի փառքի ու մեծարման են արժանանում անձնավորություններ, որոնց կյանքն արժանի չէ ընդօրինակման: Աշխարհով մեկ փորձ է արվում մեծարել շոու աշխարհի այն կեղծ աստղերին, ում լուսատիտիկային փառքի կեղծավորությունը կյանքը շատ արագ է բացահայտում:  Բայց մինչ այդ նրանք հասցնում են աղավաղել առաքինության, բարոյականության և արժանավորության չափանիշները: Այսօր էրոտիզմով է ներծծվում ամեն ինչ, սակայն դա վտանգավոր համեմունք է:  Արդյունքում խաղից դուրս է հայտնվում ծանր դրամապանակ չունեցող, սակայն արժանապատիվ, հարգանքի արժանի և վերջին հաշվով ազգի դիմագիծը պահող կինը:  Նրանք անձնազոհության ու հերոսական մաքառումների լավագույն օրինակներ են ցուցադրում, սակայն` վարագույրից այն կողմ:  Բաժակաճառերը և հորինովի հեքիաթները անուժ են, կյանքից կտրված…Մենք կարող ենք մեղավորներ փնտրել այսպես կոչված «արևմտյան», «օտարածին» կամ այլ բարքերի մեջ, անհուսությունից հայհոյել եվրոպաներին, զբաղվել վհուկների որսով,  սակայն չենք լուծի խնդիրը, եթե ամեն օր հարգանքը չդրսևորենք մեր գործերով և նպաստենք կնոջ լավագույն կերպարի կերտմանը: Անիրական և հեքիաթային չեն հայ կատակերգու Լեոնիդ Ենգիբարյանի հետևյալ հուզիչ տողերը` նվիրված մորը. « Վաղը ես կասեմ քո ամուսնուն` ես սիրում եմ նրա աչքերը:Նա կհասկանա, նա ամեն ինչ կհասկանա, որ հողը ծխվում է անձրևից հետո: Նա կհասկանա: Առավոտը սկսվում է, որովհետև դու բացում ես աչքերդ: Ես սիրում եմ քո աչքերը, քանի որ նրանց շնորհիվ ես նայում եմ աշխարհին» /Վերջին ռաունդ/: Ահա թե ինչը կարող է կենսական ուղենիշ լինել: Կնոջ առաքելությունն ընդամենը բանաստեղծների  և հեքիաթագիրների համար թեմայի նյութ չէ: Կինը-մայրը ընտանեկան հավատարմության խորհրդանիշն է: Նա գովազդի, էրոտիզմի խորհրդանիշ  չէ: Կինը ընտանեկան անդորրի ու հարմարակեցության մշտարթուն ժամապահն է, ջերմության ու քնքշանքի աղբյուրը: «Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»/Գարեգին Նժդեհ/. և սրանք մարգարեական խոսքեր են:

 

 

 

Ամուր Ընտանիք

Հովիկ Մխիթարյան

Related image

Ամուր ընտանիք

Ինչպե՞ս ունենալ ամուր և կայուն ընտանիք: Այս հարցը բոլորին է հուզում: Ամուսինները պետք է ջանք թափեն, որպեսզի հասկանան միմյանց: Ճիշտ պատկերացնեն դիմացինի ֆիզիոլոգիական , հոգեբանական առանձնահատկությունները: Իմանալով դրանք, ամուսիններն ավելի քիչ հիմնախնդիրներ կունենան: Կլինեն ավելի ուշադիր և հոգատար: Կհասկանան մի պարզ ճշմարտություն, որ մարդը խոցելի և փխրուն էակ է, ում կենսական ուժերը ժամանակի ընթացքում սպառվում են և նա վաղ թե ուշ մոտենում է մահվան շեմին… Հետևյալ փոքրիկ հոդվածը կօգնի ամուսիններին՝ ավելի ճիշտ հասկանալու միմյանց, որ տարիքում էլ որ նրանք լինեն: Ուշագրավ է, որ տղամարդկային մարմնի ցանկացած բջիջ  տարբերվում է կանացի ցանկացած բջիջից: Կենսաբանական որոշ առանձնահատկությունների շնորհիվ կանայք , որպես կանոն , ավելի շատ ֆիզիկական կենսունակություն ունեն:Կինը միջինում 3-4 տարի ավել է ապրում , քան տղամարդը: Կնոջ կմախքի կառուցվածքը նույնպես տարբեր է տղամարդու կմախքից , նրա գլուխը և ոտքերը կարճ  են, դեմքը լայն է `պակաս ցցուն ենթածնոտով , գոտկատեղը ավելի երկար: Կանանց ատամները, որպես կանոն, ավելի շուտ են թափվում: Նրանց ստամոքսը,  երիկամները, լյարդը և որդանման ելուստն ավելի մեծ են, իսկ թոքերը` փոքր: Կանանց վահանագեղձը չափերով ավելի մեծ է և ավելի ակտիվ, ընդ որում, հղիության  ժամանակ այն ավելի է մեծանում, որի պատճառով կանայք նախատրամադրված են խպիպի առաջացման: Առավել խոշոր վահանագեղձի շնորհիվ կանայք ունեն այնպիսի որակներ, որոնք կարևոր են արտաքին գեղեցկության համար` հարթ մաշկ, պակաս մազոտ մարմին և ենթամաշկային ճարպի բարակ շերտ: Կնոջ արյունը պարունակում է ավելի  շատ ջուր և 20 տոկոս քիչ էրիթրոցիտներ: Քանի որ էրիթրոցիտները թթվածին են մատակարարում մարմնին, ապա հնարավոր է`դրանով է բացատրվում , որ կանայք ավելի հեշտ են հոգնում և ավելի են հակված ուշաթափության:  Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ բրիտանական ռազմական գործարաններում աշխատանքային օրը  10 ժամից հասավ 12 ժամի, կանանց մոտ վնասվածքներ ստանալու հավանականությունը  աճեց 150 տոկոսով, իսկ տղամարդկանց մոտ այն մնաց նախկինը: Կանանց ուժերի օրվա պաշարը քիչ է և, ամենայն հավանականությամբ, դրա շնորհիվ է նա կարողանում տեղաբաշխել իր մարմնի պաշարները  ավելի երկար ընթացքի մեջ: Հաստատված է, որ հղիությունը և լակտացիան ազդում են կանանց վարքագծի և հուզական վիճակի վրա: Հիմնախնդրի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ինքնասպանություն գործած կանանց մեծ մասի մոտ այդ ողբերգական պահը տեղի է ունեցել ամսականների ժամանակահատվածում: Ըստ Դևիդ Լևիի, այդ ժամանակ է, որ  սրվում են մայրական բնազդների խորությունը, ուժեղանում է  վահանագեղձի ակտիվությունը, պատճառ դառնալով կանանց վարքագծի որոշակի փոփոխությունների: Ընդ որում վարքագծային շեղումների հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց կողմից իրականացվող հանցագործությունների մեծ մասի կատարման ժամանակը նույնպես անմիջականորեն համընկնում է այդ ժամանակաշրջանի սկզբին: Հիմնախնդիրներ են առաջանում նաև աշխատավայրում, ինչի պատճառով որոշ երկրներում կանայք այդ ժամանակաշրջանում ազատվում են աշխատանքից:

Բնավորության առանձնահատկություններ: Տղամարդիկ հատկապես ունեն հիմնախնդիրներ այստեղ: Որոշ մշակույթներում նրանք փորձում են այսպես ասած դաստիարակել կնոջը, ինչը անբնական երևույթ է: Կարելի է համատեղ քննարկումներ ունենալ՝ ճշտելու նման խնդրահարույց հարցերը: Իսկ ահա բռնությունը միայն խորացնում է հիմնախնդիրը: Բնածին կամ ձեռքբերովի մեր որոշ տարբերություններ նույնպես կարող են պատճառ դառնալ բազմաթիվ տարաձայնությունների, եթե մենք պարտադրենք դիմացինին մեզ հատուկ մտածելակերպը` առանց որևէ քննարկման` վստահ լինելով, որ միայն մեր մտածելակերպն է ճիշտ: Եթե հարցը չի վերաբերվում լուրջ արատներին, մնացածը դեպքերում անհրաժեշտ է անկեղծ երկխոսություն, որտեղ տեղ չունեն սահմանափակությունը, նեղմտությունը և եսասիրությունը:                                                                                                                                                                    Մինչև վերջերս շատ քչերն էին փորձում վերլուծել ու հասկանալ կանացի բնույթը: Շատերը կնոջը դիտում էին որպես հակասությունների մի  բարդ խառնուրդ , որը չի համապատասխանում իրականությանը, պահանջների տրամաբանությանը, և որ նրա պահանջները բավարարելը դժվար է կամ, նույնիսկ, անհնար: Իրականում կանացի բնույթը միայն մակերեսային հայացքի դեպքում է բարդ թվում: Պարզապես պետք է հետևել դարերից եկող աստվածաշնչյան իմաստությանը. «Մարդիկ , սիրեցեք ձեր կանանց , ինչպես տկար անոթների: Այսպես պետք է մարդիկ սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց մարմինները, ով որ իր կնոջը սիրում է, իրեն է սիրում: Քանզի ոչ ոք իր անձը չի ատել, այլ կերակրում և պահպանում է նրան, ինչպես Աստված էլ եկեղեցին»: Դե ինչ: Սիրեք ձեր կողակցին: Ունե՞ք հիմնախնդիրներ: Համատեղ ջանքերով ընդառաջ գնացեք միմյանց: Ներեցեք միմյանց: Հասկացեք միմյանց: Միայն այսպես է հնարավոր ունենալ ամուր ընտանիք:

 

 

 

 

Խոհեմ եղիր և ընտրիր չափավոր կյանքը. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ

Խոհեմ եղիր և ընտրիր չափավոր կյանքը.  Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետ

Աղբյուրը. ՝ Տես այստեղ.

«Իսկ եթե հավաքես այնքան, որքան բավարար է քո կարիքների համար, այն ժամանակ, եթե ուժգին փոթորիկ էլ լինի, դու անխափան կհասնես քո նավահանգիստը»:

Հարստությունն անշնորհակալ փախստական է, անհաշտ մարդասպան, ժայռ՝ ամեն կողմից զառիթափ, ստորջրյա քար, անընդմեջ ալեկոծվող ծով, մշտապես հողմակոծվող անթիվ քամիներով, բռնապետ՝ կառավարող ծանրությամբ և խստությամբ, ամեն տեսակի բարբարոսից առավել դաժան տիրակալ, անհաշտ թշնամի, անխիղճ հակառակորդ՝ երբեք չդադարեցնող իր թշնամությունը նրանց հանդեպ, ովքեր տիրում են իրեն: Սակայն այսպիսին չէ աղքատությունը, այլ հակառակն է:

Նա անվտանգ կայան է, խաղաղ նավահանգիստ, մշտապես հանգստություն, ուրախություն՝ զերծ վտանգներից, մաքուր հաճույք, անխռով և անվրդով կյանք, անընկճելի բարենպաստություն, խոհեմության մայր, բազում սխալ արարքներ սանձահարող, տանջանքների դիմակայություն, խոնարհամտության արմատ:

Ինչի՞ համար, ասացեք խնդրեմ, փախչում եք նման աղքատությունից և վազում եք այն բանի հետևից, որը թշնամական է, մահացու է ու կատաղի ամեն տեսակի գազանից: Այսպիսին է արծաթսիրությունը, այսպիսին է փողի հանդեպ մոլեգին կիրքը: Ինչի՞ համար ես մշտապես քեզ մոտ պահում քո մշտական թշնամուն: Ինչո՞ւ ես զայրացնում գազանին, որին պետք է սանձահարել և հնազանդեցնել:

Իսկ ինչպե՞ս այն կարող է դառնալ ձեռնասուն: Ինչպե՞ս այս գազանը կարող է դադարել գազան լինելուց: Ես կարող եմ փոխել նրան, եթե դուք ցանկանաք, քանզի այսպիսին է խոսքի ուժը: Ինչպե՞ս նա կփոխի իր գազանությունը, սրա համար պետք է իմանալ, թե ինչպես է նա դառնում կատաղի: Ինչպես առյուծը, վագրը և արջը լինելով փակի տակ և բանտարկված, ու լինելով մթության մեջ՝ դառնում են կատաղի և հույժ չարանում, այսպես էլ հարստությունը, եթե նրան փակում են ու թաղում, սա դառնում է առյուծից առավել վայրագ և ամեն օր վախ է առաջացնում, ու եթե դու նրան դուրս ես հանում խավարից և ցանում ազքատների մեջ, այս գազանը դառնում է ոչխար, դավաճանը՝ պաշտպան, ստորջրյա քարը՝ նավահանգիստ, նավաբեկությունը՝ խաղաղություն:

Նույնը և կարելի է տեսնել նավերի պարագայում, երբ բեռը չափից ավելի ծանր է լինում, այն ժամանակ նավը խորտակվում է, իսկ եթե իր չափով, ապա նա ընթանում է քամուն համընթաց: Նույնը և լինում է մեր տներում, երբ դու հարստությունը քո կարիքներից առավել ես հավաքում, այն ժամանակ քամու մի փոքր ճնշումն էլ, այսինքն՝ իրավիճակների հանկարծահաս հանգամանքներն էլ, կարող են խորտակել մեր նավը:

Իսկ եթե հավաքես այնքան, որքան բավարար է քո կարիքների համար, այն ժամանակ, եթե ուժգին փոթորիկ էլ լինի, դու անխափան կհասնես քո նավահանգիստը:

ՄՏԱԾԻՐ ԵՎ ԸՆՏՐԻՐ ՉԱՓԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ: