Իմ փոքրիկ սիրտը
Ես փոքրիկ, շա՛տ փոքրիկ մի սիրտ ունեմ: Տատիկս ասում է. ՙՄարդու սիրտը չպետք է դատարկ մնա: Դատարկ սիրտը դատարկ ծաղկամանի նման տգեղ է ու կարող է ցավ պատճառել մարդուն՚:
Ահա թե ինչու երկար ժամանակ խորհում եմ, թե ում նվիրեմ իմ այս փոքրիկ սիրտը: Ավելի ճիշտ` ու՞մ տեղավորեմ սրտիս մեջ, որ ամենից լավ լինի: Ուզում եմ, որ իմ փոքրիկ սիրտը նվիրեմ մի մարդու, ում բոլորից շատ եմ սիրում: Նրան, ով իսկապես արժանի կլինի իմ` այս փոքրիկ ու շատ մաքուր տան մեջ տեղավորվելու: Ճիշտ եմ ասում չէ՞…
Հայրիկս ասում է.ՙՄարդու սիրտը հյուրանոց չէ, որ գան, մի քանի ժամ կամ մի քանի օր ապրեն ու գնան: Ոչ էլ ճնճղուկի բույն, որ գարնանը հյուսվի, իսկ աշնանը քամին քշի, տանի՚:
Իսկապես, չգիտեմ, թե ինչ բան է սիրտը: Բայց համոզված եմ, որ սիրտը բարի ու շատ ազնիվ մարդկանց տեղն է, այն էլ` մշտական տեղը: Լավ խորհելուց հետո մտածեցի, որ սիրտս` ամբողջովին, անմնացորդ նվիրելու եմ մայրիկիս:
Այդպես էլ արեցի:
Երբ նայեցի, տեսա, որ մայրիկս հեշտ ու հանգիստ տեղավորվել էր, սակայն սրտիս կեսը դատարկ էր մնացել: Պարզ է, ես հենց սկզբից պետք է գլխի ընկնեի ու սիրտս երկուսին` մայրիկիս ու հայրիկիս նվիրեի:
Այդպես էլ արեցի:
Հետո գիտե՞ք ինչ պատահեց: Երբ նայեցի, տեսա, որ սրտումս դեռ մի ահագին տեղ է մնացել: Եվ սրտիս դատարկ անկյունը անմիջապես նվիրեցի ինձ հարազատ, շա՛տ հարազատ մարդկանց` մեծ եղբորս, փոքր քրոջս, պապիկիս ու տատիկիս նաև իմ լավ ու բարի քեռուն: Մտածեցի` ա՛յ թե իրարանցում կլինի հիմա այնտեղ…Այդքան մարդ ինչպե՞ս է տեղավորվելու այդ փոքրիկ սրտում:
Աստվա՛ծ իմ, նայեմ` ի՞նչ տեսնեմ. նրանք բոլորը միասին ընդամենը սրտիս կեսն են զբաղեցրել, ուղիղ կեսը: Հանգիստ տեղավորվել էին, զրուցում էին, ծիծաղում… ի՛նչ նեղվածք, ի՛նչ բան…
Լա՛վ, մտածում եմ, հիմա ու՞մ հերթն է…
Եվ սրտիս դատարկ մնացած կեսը սիրով նվիրեցի մեր թաղի բոլոր ազնիվ մարդկանց, իմ լավ ու բարի բարեկամներին ու ընկերներին, ինչպես նաև բոլոր այն ուսուցիչներին, ովքեր սիրում են երեխաներին…
Աստվա՛ծ իմ, մի՞թե հավատալու բան է. այդ փոքրիկ սիրտը, ախր, ինչպե՞ս կարող է այդքան մեծ լինել: Մեր մեջ ասած, հայրիկս մի հարուստ հորեղբայր ունի, շա՛տ հարուստ հորեղբայր: Մտածեցի. քանի որ բոլոր լավ մարդկանց տեղավորել եմ սրտիս մեջ, հորս հորեղբորն էլ մի անկյունում տեղ տամ: Բայց նա չտեղավորվեց: Ինչքան չարչարվեցի` անօգուտ: Խղճացի նրան, բայց ի՞նչ կարող էի անել: Ես մեղք չունեի, մեղավորը հաստատ ինքն էր: Երբ մի կերպ ներս էր խցկվում, դրսում էին մնում նրա փողի հսկայական սնդուկնեհրը: Եվ նա հևիհև դուրս էր վազում` սնդուկների ետևից: Հիմա սրտումս ընդամենը մի շա՛տ փոքրիկ տեղ է մնացել: Եվ գիտե՞ք` ում համար եմ պահել… Ճիշտ կռահեցիք, պահել եմ բոլոր չար ու վատ մարդկանց համար: Սակայն մի պայմանով` որ նրանք փոխվեն, երեխաներին չնեղացնեն, ծովերը չաղտոտեն, կենդանիներին չոչնչացնեն, և առհասարակ…ոչ մեկին վատություն չանեն…Այդ դեպքում միայն նրանք կդառնան իմ փոքրիկ ու բյուրեղյա սրտի արժանի բնակիչները: Հիմա նոր եմ հասկանում, թե մի փոքրիկ, շա՛տ փոքրիկ սիրտը որքա՛ն մեծ կարող է լինել: Այդպես է, չէ՞: Անգամ եթե բոլոր մարդիկ բարիանան ու սիրտս մտնեն, միևնույնն է, սրտումս դեռ էլի մի քիչ տեղ կմնա…
Գուցե անտառների՞ համար, լեռների, թռչունների, ձկների, եղնիկների, փղերի և էլի շա՛տ ու շատ բաների համար: Իսկապես, զարմանք բան է, չես հասկանում` սա սի՞րտ է, թե՞անծայրածիր օվկիան…Ախր այդպիսի փոքրիկ սիրտը ինչպե՞ս չի լցվում, հը՞…
Գուցե ամեն ինչ հասկանամ, երբ մեծանամ: Բայց հիմա, քանի դեռ սրտումս տեղ կա, սիրտս պիտի տամ ու նվիրեմ բոլո՛ր-բոլո՛ր լավ ու բարի մարդկանց: Սիրտը հենց դրա համար է: Մի՞թե այդպես չէ…

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s