Չինաստան

Չինական Ժողովրդական Հանրապետություն   
         Չինաստանը պետություն է Կենտրոնական և Արևելյան Ասիայում: Տարածքի մեծությամբ աշխարհի` 4-րդ (Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո), իսկ բնակչության թվով 1-ին պետությունն է: Արևմուտքից արևելք ձգվում է 5700 կմ, իսկ հյուսիսից հարավ՝ 3650 կմ: Ողողվում է Ճապոնական, Դեղին, Արևելաչինական և Հարավչինական ծովերով:
Մակերևույթը խիստ բազմազան է: Տարածքի ավելի քան 80 %-ը լեռնային է: Արևելքում Չինական մեծ հարթավայրն է, հյուսիս-արևմուտքում՝ Տակլամական և Ալաշան սարահարթերը, որոնք կոչվում են նաև անապատներ, իսկ հարավում Տիբեթի բարձրավանդակն է՝ բլրավոր սարահարթերի (բարձրությունը` 4000–5000մ) և ներքին լեռնաշղթաների (6000–7000մ) զուգակցմամբ: Տիբեթի բարձրավանդակը շրջապատված է Հիմալայների, Կարակորումի, Կունլունի և Սինա-Տիբեթական լեռնահամակարգերով: Որոշ գագաթներ 7000 մ-ից բարձր են և ծածկված են սառցադաշտերով: 
Երկրի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով: Կան քարածխի, երկաթի, նավթի, անագի, վոլֆրամի, այրվող թերթաքարերի, բոքսիտների, մանգանի, սնդիկի, պղնձի, քարաղի պաշարներ:
Կլիման բազմազան է. արևելքում մուսսոնային է, արևմուտքում և կենտրոնում` ցամաքային, ամառը չոր ու շոգ է, ձմեռը՝ ցրտաշունչ: Տիբեթի բարձրադիր տեղամասերում ցուրտ է: Երկրի հարավը տաք է. տարեկան ստանում են 2–3 բերք:
Արևելքում գետային ցանցը խիտ է և ճյուղավորված: Խոշոր գետերը (Յանցզի՝ Եվրասիա մայրցամաքի ամենաերկար գետը՝ 5800 կմ, Հուանհե, Սիցզյան) ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ: Անտառներն զբաղեցնում են երկրի տարածքի 8 %-ը, հիմնական զանգվածները գտնվում են հյուսիս-արևելքում. աճում են եղևնի, կեչի, իսկ հարավում (ոռոգվում են Սիցզյանի ջրերով)` արևադարձային բույսեր: Առավել առատ և բազմատեսակ է արևադարձային շրջանների կենդանական աշխարհը: Տիբեթի բարձրավանդակում պահպանվել են յակեր, այծքաղներ, վայրի ոչխարներ, անապատային շրջաններում՝ կուլաններ, ջեյրաններ, ճագարամկներ և այլն: 
Չինաստանը բազմազգ պետություն է, սակայն բնակչության 94 %-ը չինացիներ են (բուն անվանումը՝ հան, չինական միասնական ժողովուրդը կազմավորվել է Հան կայսրության ժամանակաշրջանում): Ապրում են նաև ավելի քան 50 այլ ժողովուրդներ (ույղուրներ, մանջուրներ, մոնղոլներ, տիբեթցիներ և այլք): 
Խոշորագույն քաղաքներն են Շանհայը, Պեկինը, Տյանցզինը, Շենյանը, Վուհանը, Գուանչժոուն (Կանտոն), Չունցինը և այլն: 
Դավանում են բուդդայականություն, կոնֆուցիականություն և դաոսականություն: Խոսում են չինարենի՝ իրարից խիստ տարբերվող 7 հիմնական բարբառներով, գրում գաղափարագրերով (հիերոգլիֆային գիր): Դրանք փոքրիկ պատկերներ են, որոնցով նշանակվում են վանկերն ու բառերը: Գաղափարագրերի թիվը հասնում է 50 հզ-ի, սակայն առավելապես օգտագործվում են 7 հզ-ը:
Չինաստանը հին և հարուստ պատմություն ունի: Դեռևս մ.թ.ա. II հազարամյակում հին հաները Հուանհե գետի հովտում հիմնել են իրենց պետությունը: Պատմության ընթացքում երկիրը բազմիցս ենթարկվել է ներխուժումների, մասնատվել, բայց 5 հզ. տարի շարունակ պահպանել է բնակչության ֆիզիկական տեսակը:
1911 թ-ին Սուն Յաթ Սենի ղեկավարությամբ Չինաստանը հռչակվել է ազգային հանրապետություն, իսկ Մաո Ցզե Դունի գլխավորությամբ քաղաքացիական պատերազմի հաղթանակից հետո՝ 1949 թ-ի հոկտեմբերի 11-ին վերակազմավորվել է Չինական Ժողովրդական Հանրապետության:
XX դարի վերջին քառորդից Չինաստանում իրականացվում է «բաց դռների» տնտեսական քաղաքականություն, տնտեսության զգալի մասը մասնավորեցվել է, որպես տնտեսության զարգացման ուղի` սահմանադրության մեջ ամրագրվել է «չինական առանձնահատկությամբ սոցիալիզմը», որի արդյունքում երկրի տնտեսությունն աննախընթաց վերելք է ապրում, զարգանում են արդյունաբերության տարբեր ճյուղեր, արտադրվում են ավտոմեքենաներ, գյուղատնտեսական մեքենաներ, օդանավեր, բազմապիսի հաստոցներ, խաղալիքներ (աշխարհում արտադրվող խաղալիքների 50 %-ը):
Չինացիները հնուց հայտնի են որպես հմուտ երկրագործներ: Մշակում են բրինձ, թեյ, ցորեն, եգիպտացորեն, բամբակենի, բատատ, սոյա, ծխախոտ: Չինաստանը թեյի հայրենիքն է. այն տարածում է գտել Տան դինաստիայի ժամանակաշրջանում և հյուսիսային շրջանների բարբառով կոչվում է չայ, իսկ հարավի բարբառով՝ թեյ:
Չինաստանը հնագույն մշակույթի երկիր է, արևելյան քաղաքակրթության օրրանը. այստեղ են կատարվել մի շարք գյուտեր ու հայտնագործություններ՝ բնական մետաքսը, վառոդը, կողմնացույցը, մեխանիկական ժամացույցը, թուղթը, գունավոր տպագրությունը և այլն: Այստեղ են ստեղծվել համաշխարհային նշանակության փիլիսոփայական ուղղություններ կոնֆուցիականությունը, դաոսականությունը և մոիզմը:
Հոգևոր մշակույթի ավանդույթները՝ ինքնատիպ չինական թատրոնը, գեղանկարչությունը, երաժշտությունը, ուշու մարմնամարզությունը, լուսնային օրացույցը և այլն, պահպանվել են մինչև մեր օրերը:
Չինական Ցին Շի Հուանդի կայսրի հրամանով կայսրության հյուսիսարևմտյան սահմանները հարձակումներից պաշտպանելու համար կառուցվել է հոծ պատ՝ Չինական մեծ պարիսպը [երկարությունը՝ 6250 կմ, բարձրությունը՝ 6,6–10 մ, լայնությունը՝ 6,5 մ (ստորին), 5,5 մ (վերին)], որը միակ ձեռակերտ կառույցն է, որ կարելի է անզեն աչքով տեսնել տիեզերքից: 2007 թ-ին Չինական մեծ պարիսպը ներառվել է աշխարհի նոր 7 հրաշալիքների ցանկում: Չինաստանը նաև փիլիսոփայական մտքի զարգացման, արևելյան բժշկության հայրենիքն է:
Ինքնատիպ ու գեղեցիկ են չինական քաղաքները: Նրանց բնորոշ են ուղիղ փողոցները, ազգային ճարտարապետության հին ու նոր կոթողների ներդաշնակությունը, ընդարձակ կանաչ պուրակներն ու ծաղկանոցներն աչքի են ընկնում կոկիկությամբ ու մաքրությամբ: Մայրաքաղաք Պեկինը (չինարեն՝ Բեյջին, բառացի՝ հյուսիսային մայրաքաղաք) աշխարհի հնագույն քաղաքներից է. հիշատակվում է մ.թ.ա. II հազարամյակից: Պեկինի կենտրոնում է գտնվում «Ներքին քաղաքը»՝ բազմաթիվ պալատներով, պուրակներով, լճերով, իսկ միջնադարյան պարիսպներով շրջափակված արվարձանները կազմավորում են «Արտաքին քաղաքը»: Խոշոր քաղաքները զարգացման չինական եղանակի՝ ազատ տնտեսական գոտիների մասեր են:
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s