Բնագիտություն և Էկոլոգիա- Ջրային կենդանիներ

Ձկներ- Ձկները ջրային սառնարյուն կենդանիներ են. ունեն ոսկրային կմախք, խռիկներ ու լողակներ: Ծովային ձկների մեծամասնությունը, որպես կանոն, ապրում է ափամերձ ծանծաղուտներում կամ բաց օվկիանոսի մակերեսային շերտերում: Արագալող ձկների (օրինակ՝ թյունիկի) մարմինը երկարավուն է, ունի շրջահոսելի և ծայրերում կրճատվող ձև, իսկ պոչային լողակը մանգաղաձև է: Դանդաղալողների (օրինակ՝ ծածանի) մարմինն ավելի կլորավուն է, իսկ պոչային լողակը՝ թեթևակի երկարած: Որոշ տեսակներ ապրում են ծովի հատակին (կատվաձկներ, տափակաձուկ): Նրանց մարմինը տափակ է, գույնը՝ միջավայրի ընդհանուր գունավորմանը համահունչ: Մի մասը լողում է դանդաղ, և նրանց նկատելը դժվար է: Ձկան շարժողության օրգանը պոչն է, որի ոլորապտույտ (զիգզագաձև) շարժումների շնորհիվ ձուկն այս ու այն կողմ է լողում: Միայն առանձին տեսակներ են շարժման համար օգտագործում  կրծքային լողակները, որոնք սովորաբար հարմարված են հավասարակշռությունը պահպանելուն, մարմնի կայուն դիրքն ապահովելուն կամ շարժումներն արգելակելուն: Նույնիսկ լիովին անշարժ դիրքում ձկները երբեք չեն սուզվում ջրի հատակը, քանի որ մեծամասնությունն ունի օդով լցված լողափամփուշտ, որն ապահովում է լողունակությունը: Ձկները կազմում են ողնաշարավոր կենդանիների գրեթե կեսը (43 հզ. տեսակ): ՀՀ ջրավազաններում հայտնաբերված է ոսկրային ձկների 5 կարգի 9 ընտանիքի (բալիտորաձկներ, լոքոյաձկներ, ծածանաձկներ, ծականաձկներ, կատվալոքոներ, պեցիլային ձկներ, սաղմոնաձկներ, սիգաձկներ և ցլիկաձկներ) 34 ցեղի 39 տեսակ, որոնցից 36-ը գետերի բնակիչ են, սակայն կարող են բնակվել նաև լճերում, ջրամբարներում: 3 տեսակը` իշխանը, սիգը, Սևանի բեղլուն, հանդիպում են միայն Սևանա լճում, երբեմն՝ նրա մեջ թափվող գետակներում: Արարատյան դաշտի և մի շարք այլ ձկնատնտեսություններում աճեցվում են ծածան, սպիտակ ու սև ամուրներ, սպիտակ ու խայտաբղետ հաստաճակատներ և այլն: Ձկների շատ տեսակներ (սիգ, բեղլու, ճանար և այլն) ունեն ձկնարդյունագործական նշանակություն, իսկ որոշ տեսակներ (հայկական կարմրակն, թեփուղ, արծաթափայլ կարաս և այլն) մարզական որսի օբյեկտներ են: Կարմրախայտի որսն արգելված է: Հայկական կարմրակնը, իշխանը և Սևանի բեղլուն ՀՀ բնաշխարհիկներ են: Վերջին 2-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

Շնաձկներ- Շնաձկները և կատվաձկները ձկների յուրատեսակ խումբ են կազմում, որի հիմնական տարբերիչ հատկանիշը աճառային կմախքն է:

Շնաձկները պատկանում են թերթախռիկավորների ենթադասի ձկների վերնակարգին: Հայտնի է 20 ընտանիք, մոտ 250 տեսակ: Հիմնականում տարածված են արևադարձային և հեռավորարևելյան ծովերում: Ունեն իլիկաձև մարմին. երկարությունը 0,5 մ-ից (սև ծակող շնաձուկ) 20 մ է (հսկա շնաձուկ), լողափամփուշտ չունեն: Նրանց հիմնական տարբերիչ հատկանիշն աճառային կմախքն է: Աճառից են կազմված նաև մեծ ականջներն ու քիթը:
Ձկնորսներն ու ծովայինները հաճախ են սարսափով արտասանում շնաձկան անունը, որովհետև նրանք խրտնեցնում ու ոչնչացնում են ձկներին, պատառոտում ձկնորսական ցանցերը, երբեմն էլ հարձակվում մարդկանց վրա: Շնաձկան գլխի ստորին մասում տեղավորված լայնական նեղ ճեղքի նմանվող երախում կա սուր ատամների (մինչև 3000 հատ) մի քանի շարք: Երբ ատամներից մեկն ընկնում է, մյուս շարքի նոր ատամը շարժվում է առաջ և փոխարինում նախկինին: Շատ շնաձկների մաշկը պատված է սուր փշեր ունեցող թեփուկներով, և երբեմն ժամում 40 կմ արագությամբ լողացող շնաձկան թեթև հպումն անգամ լուրջ վերքեր է հասցնում:
Շնաձկների մեծ մասը գիշատիչ է, նրանք սնվում են կենդանի կերով: Հսկա շնաձուկը սնվում է պլանկտոնով, ցլիկաձկները՝ փափկամարմիններով, սպիտակ կամ «մարդակեր» գիշատիչ շնաձուկը`  ձկներով, իսկ առավել խոշորները՝ փոկերով ու դելֆիններով:
Շնաձկները միմյանցից տարբերվում են չափերով և արտաքին տեսքով: Խիստ արտասովոր տեսք ունի մուրճ շնաձուկը, որին այդպես են անվանել հսկա մուրճի նմանվող գլխի պատճառով: Անսովոր է նաև սղոցաքիթը, որի երկարությունն ընդամենը 1–2 մ է, բայց շատ սպառնալից տեսք ունի: Նրա գլխի առջևի ոսկրային, կողքերին սուր փշերով ելուստը իրոք սղոցի է նման: Շնաձկների տեսողությունն ու լսողությունը թույլ են զարգացած, սակայն ունեն հրաշալի հոտառություն, որի շնորհիվ արագ գտնում են որսը: Նրանք ընկալում են նաև ջրի չնչին տատանումները, զգում նաև էլեկտրական ազդակները. ըստ երևույթին՝ որսին հետապնդում են նրա մարմնից հաղորդվող էլեկտրական ազդակների օգնությամբ:
Շնաձկները դնում են խոշոր, մաշկաթաղանթով պատված ձկնկիթ կամ էլ կենդանի ձագեր ծնում:
Շնաձկների միսն օգտագործվում է սննդի մեջ, լյարդից ստանում են յուղ, կմախքից՝ սոսինձ:
Prionace_glauca_1
Շնաձուկ
WSVLN7F
Մանդարինկա- Օվկիանոսի ամենագեղեցիկ բնակիչը
download
Կապույտ երեսանի հրեշտակաձուկ
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s