Խոհեմ եղիր և ընտրիր չափավոր կյանքը. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ

Խոհեմ եղիր և ընտրիր չափավոր կյանքը.  Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետ

Աղբյուրը. ՝ Տես այստեղ.

«Իսկ եթե հավաքես այնքան, որքան բավարար է քո կարիքների համար, այն ժամանակ, եթե ուժգին փոթորիկ էլ լինի, դու անխափան կհասնես քո նավահանգիստը»:

Հարստությունն անշնորհակալ փախստական է, անհաշտ մարդասպան, ժայռ՝ ամեն կողմից զառիթափ, ստորջրյա քար, անընդմեջ ալեկոծվող ծով, մշտապես հողմակոծվող անթիվ քամիներով, բռնապետ՝ կառավարող ծանրությամբ և խստությամբ, ամեն տեսակի բարբարոսից առավել դաժան տիրակալ, անհաշտ թշնամի, անխիղճ հակառակորդ՝ երբեք չդադարեցնող իր թշնամությունը նրանց հանդեպ, ովքեր տիրում են իրեն: Սակայն այսպիսին չէ աղքատությունը, այլ հակառակն է:

Նա անվտանգ կայան է, խաղաղ նավահանգիստ, մշտապես հանգստություն, ուրախություն՝ զերծ վտանգներից, մաքուր հաճույք, անխռով և անվրդով կյանք, անընկճելի բարենպաստություն, խոհեմության մայր, բազում սխալ արարքներ սանձահարող, տանջանքների դիմակայություն, խոնարհամտության արմատ:

Ինչի՞ համար, ասացեք խնդրեմ, փախչում եք նման աղքատությունից և վազում եք այն բանի հետևից, որը թշնամական է, մահացու է ու կատաղի ամեն տեսակի գազանից: Այսպիսին է արծաթսիրությունը, այսպիսին է փողի հանդեպ մոլեգին կիրքը: Ինչի՞ համար ես մշտապես քեզ մոտ պահում քո մշտական թշնամուն: Ինչո՞ւ ես զայրացնում գազանին, որին պետք է սանձահարել և հնազանդեցնել:

Իսկ ինչպե՞ս այն կարող է դառնալ ձեռնասուն: Ինչպե՞ս այս գազանը կարող է դադարել գազան լինելուց: Ես կարող եմ փոխել նրան, եթե դուք ցանկանաք, քանզի այսպիսին է խոսքի ուժը: Ինչպե՞ս նա կփոխի իր գազանությունը, սրա համար պետք է իմանալ, թե ինչպես է նա դառնում կատաղի: Ինչպես առյուծը, վագրը և արջը լինելով փակի տակ և բանտարկված, ու լինելով մթության մեջ՝ դառնում են կատաղի և հույժ չարանում, այսպես էլ հարստությունը, եթե նրան փակում են ու թաղում, սա դառնում է առյուծից առավել վայրագ և ամեն օր վախ է առաջացնում, ու եթե դու նրան դուրս ես հանում խավարից և ցանում ազքատների մեջ, այս գազանը դառնում է ոչխար, դավաճանը՝ պաշտպան, ստորջրյա քարը՝ նավահանգիստ, նավաբեկությունը՝ խաղաղություն:

Նույնը և կարելի է տեսնել նավերի պարագայում, երբ բեռը չափից ավելի ծանր է լինում, այն ժամանակ նավը խորտակվում է, իսկ եթե իր չափով, ապա նա ընթանում է քամուն համընթաց: Նույնը և լինում է մեր տներում, երբ դու հարստությունը քո կարիքներից առավել ես հավաքում, այն ժամանակ քամու մի փոքր ճնշումն էլ, այսինքն՝ իրավիճակների հանկարծահաս հանգամանքներն էլ, կարող են խորտակել մեր նավը:

Իսկ եթե հավաքես այնքան, որքան բավարար է քո կարիքների համար, այն ժամանակ, եթե ուժգին փոթորիկ էլ լինի, դու անխափան կհասնես քո նավահանգիստը:

ՄՏԱԾԻՐ ԵՎ ԸՆՏՐԻՐ ՉԱՓԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s