Կինը գովազդային ապրանք չէ

Կինը գովազդային ապրանք չէ

Related image

Գեղեցիկ Մարտիրոսյան

Հովիկ Մխիթարյան

Կնոջ թագավորությունը քնքշության, նրբության ու հանդուրժողականության թագավորություն  է:     Ժան Ժակ Ռուսսո

Գովազդները ճչում են ու հևասպառ լինում: Նրանք ամենուր են` եթերում ու պատերի վրա, օդում ու մարդկանց գիտակցության մեջ և չեն հոգնում բղավելուց` «Էստի համեցեք»: Իսկ գովազդվող առարկաները ամենատարբեր են` օճառ կամ ատամի մածուկ, հագուստ կամ լվացքի փոշի: Եվ կա մի «ապրանք», որ ինքն է գովազդում այդ բոլորը և ինքն էլ դառնում գովազդի ապրանք: Դա կինն է` ամենասովորական կինը, մայրը և պարզապես մարդը: Մենք արդեն չենք նկատում դա, որովհետև մեր աչքին սովորական է դարձել` տեսնել կնոջը ցանկացած ապրանքի հետ, իր ողջ գեղեցկությամբ ու հմայքով…կիսամերկ ու ցուցադրական: Շեշտադրվում են հատկապես այն որակները, որոնք ի ծնե սահմանված են սուրբ ու անձեռնամխելի` նրա քնքշությունն ու թովչությունը, արտաքին գեղեցկությունն ու հավերժական կողակցի համար սահմանված նրա սեքսուալությունը: Նա միշտ էրոտիկ է հանդես գալիս, նրա կիսամերկ մարմինը ամենահնարավոր և անհնար դիրքերով  է: Նա, ում նախաստեղծ հիմքը մայրությունն է և քնքշությունը, գթասրտությունը և համբերատարությունը, դառնում է ցանկասեր հայացքների և էժան բավականությունների թիրախ: Մոր և հավատարիմ կողակցի` հարգանքի ու ակնածանքի արժանի իր դերից նա վերածվում է նյութապաշտական հոգեբանության մարմնավորողի և կրողի:  Եվ ընդ որում նա միշտ երիտասարդ է` սնդուսափայլ ամսագրերի ու սերիալների էջերում: Մայրական անձնազոհություն ու նվիրվածություն արտահայտող աչքերի փոխարեն` աշխարհին նայելում է մեղկ ու վավաշոտ հայացքով:  Արդյո՞ք այստեղ չէ կորչում հարգանքն ու երկյուղածությունը տարեց, հոգնած կանանց հանդեպ. պերճախոս լռությունն ավելի քան խոսուն է: Կնոջ գրավչությունն ու հմայքը դարձել է հավելավճար այն ապրանքի համար, որը նա գովազդում է: Արվում է ամեն բան, որ նա բարձրացնի այդ ապրանքի գինը, պարտադրի գնորդին ավելի վստահորեն ձեռքը տանելու գրպանը: Մարդկանց դա միանգամայն բնականոն է  թվում, իսկ իրականում հարվածում է կնոջ արժանապատվությանը` վերածելով նրան արդյունաբերական հսկաների անկամ խամաճիկը: Գործի են դրված բոլոր հնարավոր միջոցները մայրության խորհրդանիշից  կնոջը գլորելու դեպի  սեքսի ու էրոտիզմի խորհրդանիշը:  Գործում է «օգտակարը հաճելիի հետ զուգակցելու» հանրահայտ սկզբունքի այլասերված տարբերակը: Ինչ կապ կարող է ունենալ կոշիկի գովազդը մերկ կնոջ հետ, կամ մեքենան գազով լիցքավորելը կրքից «նվաղած» կիսամերկ կնոջ հետ: Իսկ արդյունքում կորչում է հարգանքը կնոջ հանդեպ, որովհետև մարդու ենթագիտակցություն է ներմուծվում  այն միտքը, թե այս ապրանքը կարելի է մշտապես փոխել կամ «գոնե թարմացնել»: Եվ ամենուր շահարկելով երիտասարդական ուժն ու կիրքը` երկրորդ պլան է մղվում հասուն, կյանքի փորձով իմաստնացած կինը, ով կյանքի, ապրելու ճիշտ դասեր կարող է տալ: Ինչպես ասում են, այդ «ապրանքը» պահանջարկ չունի: Փոխարենը առաջարկվում է դավադիր` աչքով անող երիտասարդ կինը, ով աննկատ ջնջում է ամոթխածության, պարկեշտության ու առաքինության սահմանները: Ահա թե ինչու հասարակական մտածողություն են խցկվում «սեքս աստղ», «սեքս խորհրդանիշ» արտահայտությունները  և կասկածելի փառքի ու մեծարման են արժանանում անձնավորություններ, որոնց կյանքն արժանի չէ ընդօրինակման: Աշխարհով մեկ փորձ է արվում մեծարել շոու աշխարհի այն կեղծ աստղերին, ում լուսատիտիկային փառքի կեղծավորությունը կյանքը շատ արագ է բացահայտում:  Բայց մինչ այդ նրանք հասցնում են աղավաղել առաքինության, բարոյականության և արժանավորության չափանիշները: Այսօր էրոտիզմով է ներծծվում ամեն ինչ, սակայն դա վտանգավոր համեմունք է:  Արդյունքում խաղից դուրս է հայտնվում ծանր դրամապանակ չունեցող, սակայն արժանապատիվ, հարգանքի արժանի և վերջին հաշվով ազգի դիմագիծը պահող կինը:  Նրանք անձնազոհության ու հերոսական մաքառումների լավագույն օրինակներ են ցուցադրում, սակայն` վարագույրից այն կողմ:  Բաժակաճառերը և հորինովի հեքիաթները անուժ են, կյանքից կտրված…Մենք կարող ենք մեղավորներ փնտրել այսպես կոչված «արևմտյան», «օտարածին» կամ այլ բարքերի մեջ, անհուսությունից հայհոյել եվրոպաներին, զբաղվել վհուկների որսով,  սակայն չենք լուծի խնդիրը, եթե ամեն օր հարգանքը չդրսևորենք մեր գործերով և նպաստենք կնոջ լավագույն կերպարի կերտմանը: Անիրական և հեքիաթային չեն հայ կատակերգու Լեոնիդ Ենգիբարյանի հետևյալ հուզիչ տողերը` նվիրված մորը. « Վաղը ես կասեմ քո ամուսնուն` ես սիրում եմ նրա աչքերը:Նա կհասկանա, նա ամեն ինչ կհասկանա, որ հողը ծխվում է անձրևից հետո: Նա կհասկանա: Առավոտը սկսվում է, որովհետև դու բացում ես աչքերդ: Ես սիրում եմ քո աչքերը, քանի որ նրանց շնորհիվ ես նայում եմ աշխարհին» /Վերջին ռաունդ/: Ահա թե ինչը կարող է կենսական ուղենիշ լինել: Կնոջ առաքելությունն ընդամենը բանաստեղծների  և հեքիաթագիրների համար թեմայի նյութ չէ: Կինը-մայրը ընտանեկան հավատարմության խորհրդանիշն է: Նա գովազդի, էրոտիզմի խորհրդանիշ  չէ: Կինը ընտանեկան անդորրի ու հարմարակեցության մշտարթուն ժամապահն է, ջերմության ու քնքշանքի աղբյուրը: «Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»/Գարեգին Նժդեհ/. և սրանք մարգարեական խոսքեր են:

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s